վերադառնում էին գործից, ուտում էին և արտաքնոց էին գնում.— մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը։ Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում. կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք։ Եվ ո՛չ միայն նրանք, այլև հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,— և ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը և ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն— ուղեղային խաղը։ Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով և հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զևսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալլասը։ Այո՛։ Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին և քարակերտ վեհությամբ ապրեին դարեր— թեկուզ հենց Վարդանի կամուրջը, բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո՛ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը և Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ— Ղահվե— Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»— ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, և չենք էլ իմացել, որ իլլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,— որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը— որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ— «ուղեղային մորմոք»— սրտի հիվանդություն... Այո՛։ Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով»— և մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ
Էջ:Երկիր Նաիրի.djvu/124
Արտաքին տեսք