Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ։ Բավական են, կարծեմ, վերևում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմվի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարևորը և ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներևակայելին։ Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը — ահա՛ ամենաէականը։ Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինք ահա հարցը։ Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներևակայելի։ —

— Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր–երևակայո՞ւմ եք–հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ։ Չե՞ս հավատում. — իրենի՛ց հարցրու, այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը, — ավելին՝ այսպես էր համոզված և ամբողջ «Ընկերությունը». — օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող, — ամբո՛ղջ մի, եթե կարելի է այսպես ասել տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բաստա, պրծավ գնաց, ուզում ես զարմացիր, ուզում ես հիացիր։ Կար, գոյություն ուներ և սնվում էր — հենց ինքն իրենով–ահա՛ թե ինչ։ Կար, գոյություն ուներ և աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել որպես մի իսկական «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհուցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո՛չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլև կա, գոյություն ունի և կարող է աշխատել ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն։ Այսպիսի՛ ահա ինքնուսույց մի թռչուն, բայց, ավելի լավ է ասել «պերպետուում մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը, ինքնաշարժ մեքենա էր, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով՝ դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ — ոնց ասենք... նո՜ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, և միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա — հազարամյա Նաիրին։ Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում