մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը սույն տողերը գրելիս. —
«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան`
Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման...»:
Այսպես ենք կարծում, ընթերցո՛ղ, և մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետև նույնը, ճիշտ նույնը, բառացի նո՛ւյնն էր մտածում և ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր: Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր և ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համրարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած։
Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք: Եվ կայարանից մինչև բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում: Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը. — Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները) Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա՛ էր, ըղձալին ու երազյալը, — երկիրը Նաիրի: Գնում էր. փողոցի փոսերից, քարերից ելևէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի: Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ: Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելևէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում — երկիրը Նաիրի: Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ — Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի: Փնտրում էր, բայց չէր