չնայած Վարդանի կամուրջին և Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նաիրյան հրաշալիքներին — Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը. — օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային — երկիրը Նաիրի * *
- * * * * * * ** * * * * * * * * * * * * * * *
Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում։ Ո՛չ այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի՛նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ, նման պատճառները փոլիտիկոսների բարրառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ...
- * * * * * * ** * * ** * * * * * * * * * * *
Բայց և այնպես, ընթերցո՛ղ, — ո՞վ իմանա։
Մի՞թե հասկանում է արևը, որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության։ Կարծում եմ, որ սխալված չպիտի լինեմ, եթե ասեմ, որ ոչ։
Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը և հենց ինքը, Մազութի Համոն — ի՞նչ իմանար։ Եվ այն էլ — ճակատագրական այդ օրը։ Ասում ենք ճակատագրա կան, որովհետև այդ օրը, ի բացառյալ վերոհիշյալ դեպքերը — Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց և մի այլ, ավելի քան նշանակալից, գերճակատագրական — դե՞պք ասեմ, չգիտեմ, թե՞– անսպասելի մի տիեզերացնցում, որի հետևանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի։ Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել։
Համո Համբարձումովիչը, ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն։ Ուղեղում — դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ, — նաիրյանն էր, հավիտենականը. ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր, — երկիրը Նաիրի։ Այդպես էլ հասավ իր բնակարանը և անցավ իր առանձնասենյակը, առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը — Սևաչյա Պրիմադոննան։ Սևաչյա Պրիմադոննան արտասվում էր գլուխը ձեռքերի մեջ առած՝