արմունկները գրասեղանին։ Մոտեցավ, գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում նաիրյանն էր դեռ և ոչ անձնականը, ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի։ Մոտեցավ, ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սևաչյա Պրիմադոննայի. Սևաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին։ — «Գնա՛ այնտեղ» — ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին։ Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի։ Համո Համբարձումովիչը զզույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին։ Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի. .. Օրորվեց, թպրտաց անհանգիստ. — Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից — նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա։ Եվ այդ տարօրինակ– երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա ետևը շնչասպառ կռացած, Սևաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը և սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իր, Սևաչյա Պրիմադոննայի, մոր — Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի* *
- * * * * * * *
Այո՛։ Ո՞րն էր «Նաիրին»...
Նա այնտեղ էր — Համո Համբարձումովիչի ուզեղա–ընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած, սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհուցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած՝ ազգային էներգիա մատակարարում իրեն ու ամենքին։ Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»։ Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով, — «տիեզերական ոգի» —