—առտնին զառանցանք։ Ու մնացին— ավերակներ։ Ու մնաց... Մազութի Համոն՝ նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի, որպես հավիտենական պերպետուում մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ. թողնում ենք... դարերին։ Գլորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի,— բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը» կամ, ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝ «սոխը» գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթը» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում։ Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո՛ղ։— Օ, ոչ. իհարկե ոչ։ Գռոշի արժեք չուներ այդ հարցը մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.— զինվորական չէր Մազութի Համոն և ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, և ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես և «Ընկերությունը»։ Եվ ճի՛շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից. ո՞վ էր խանգարողը։ Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների, սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը։ Հասկանո՞ւմ եք. Սոխը, տասնչորս միլիոնանոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղրճուկ մի քաղաք վերցնել յոթ օրվա ընթացքում... Եվ սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը— Զառամյալն էր, Հավիտենական Հիվանդը, Մահամերձը... Թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երկիրը Նաիրի և ոչինչ. կարծես չէր էլ անհանգստանում Սոխը, և չէր էլ վրդովվում... գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան... Մի բան կար թաքնված այս ամենի ետևը, և Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը. հասկանում էր, իհարկե, և «Ընկերությունը», բայց՝ ինչո՞վ, ինչո՞վ էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր «Ընկերությունը»։ Եկան, աշխարհի չորս կողմից հավաքվեցին նաիրցի ռազմիկները. արին, ինչ որ կարող էին անել. ավելի՜ն արին. իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին. և ի՞նչ.— ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանությունն էր հատուցումը՝ ավերված Նաիրին... Իսկ ա՞յն, որ, լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները, և այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ— ի տրիտուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին... Ամոթ էր, լկտի դավաճանություն— սոխերի կողմից, իսկ «Ընկերության» և նաիրյան բանակի կողմից— հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ, օրհասական կռիվ։ Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նաիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն Էրզրումը... «Սրիկանե՛ր, լրբե՛ր, դավաճաննե՛ր»,— փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտեի նիստերին Մազութի Համոն. «Ո՛չ. էլ ես սոխասեր չեմ, էլ չեմ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը»,— գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,—և ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի
Էջ:Երկիր Նաիրի.djvu/133
Արտաքին տեսք