Էջ:Երկիր Նաիրի.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(բարձրահասակ սպայի) և իր անզուգական դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով։

Չէր վհատում.— Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը. սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա և հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները. գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին, կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, և նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով՝ կկանգնի պայծառ ու երկրային— երկիրը Նաիրի։ Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը և, երևակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց— անսպասելին, կատարվեց— հանկարծ...

Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլև ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում— Ռուսական Հեղափոխությունն էր, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը...

Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը։

Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երևաց, զինվորականի շորերով և չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ— ուղիղ պ. Մարուքեի բնակարանը։ Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, և այն էլ ոչ թե կառքով, այլ— չտեսնված երևույթ— ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից և բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ։ Մինչև երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն։ Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում. լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ. ուղեղում... պարապություն էր