էին դեպի նման շշուկները, թերահավատ ու կասկածոտ։ Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում։ Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը», ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում և ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր— պ. Մարուքեն։ Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին — զորքեր, զորքեր, զորքեր, գնդացիր ու թնդանոթ։ Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել, խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջևը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու։ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր և Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը։— «Հը՛, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն»— հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին սրճարան մտնելով.— «Ընչի՞ չենք հասկընա օր»— կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.— «զորքին պրիկազ է էկե օր ռեալյուց էնեն»— վերջացրեց Սեթոն ու տիրեց լռություն, հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռռա», գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն։ Լուռ էր, լուռ լսում էին բոլորը, դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի, հառել են լսողություններն ու սպասում են անհամբեր՝ հիմա կպայթի։ — «Կըսեն Բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը»— արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում, բայց հավանություն չգտավ։— «Զևզեկ– զևզեկ չխոսես նե, հայվա՛ն, քու ի՞նչ խառնվելու գործդ է»— բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական։ «— Ատ սինլըքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո՛ւս»— ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով— չոր ու խրատական։ Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով, դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կրթնեց պատին։—Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ— զորքեր, զորքեր, զորքեր, անհաշիվ բազմություն։ Դեմը— վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ— Հինգհարկանի Շենքի պատշգամբը, պատշգամբում տեսավ— մի քանի զինվորներ, նրանց
Էջ:Երկիր Նաիրի.djvu/139
Արտաքին տեսք