մեջ իրան— պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին և սրանց մեջտեղը— օ՜, զարհուրանք,— իրան՝ ոստիկանապետին... Գլուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սոխ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքևում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր։ Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով— վազեց հակառակ ուղղությամբ։ Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս— ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար։ «Ո՞ւր, Հաջի՛»,— հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «Գնա՛, գնա՛, յավրո՛ւս. ինծի հետ գործ չունիս»,— հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ։ Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը— զորքեր, զորքեր, զորքեր— անթիվ բազմություն.— դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք։ Խառնված նրանց, այդ սոխ սալդաթներին, գնում էին նաև մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»,— ինչպես մտածեց Հաջին.— երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին—սոխ սալդաթներին։ Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին։ Հաջին տեսավ. սոխերն ու բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. սոխ՝ զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, այսինքն՝ գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, և Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը։ Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.— գավառապետին շրջապատող սոխ զինվորների ու բաշիբուզուկների հետևից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով՝ նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում— վայրի երաժշտություն։ Զայրույթից
Էջ:Երկիր Նաիրի.djvu/140
Արտաքին տեսք