Էջ:Երկիր Նաիրի.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ մնում էր և չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն։ Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն— միայն իրան էր հայտնի և մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շարաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն՝ կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին— երկու, անգամ երեք ժամ։ Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը։ Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ և մութ կասկածանքներ տարածելու գործում։ Բայց օր. Սաթոյի և պ. Մարուքեի մեջ կա մի խոշոր տարբերություն. նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն— տղամարդ (ամենաէական տարբերությունը)— և ապա— որ ավերի կարևոր էր գուցե, քան առաջին հանգամանքը,— այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,— օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն։ Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին— ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում. մնում էր— անհայտ։ Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին— նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն՝ նույն ընկ. Վառոդյանը։ Եվ իր այս շահագրգռման համար ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ։ Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մարերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում— էլ ո՞ւր մնաց ուրիշներինը։ Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետը այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին։ Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից րափազանց