Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց փաստ չկար. կար— մթին կասկածանք, միակ փաստանման բանը— Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,— պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով։— Իսկ կարելի՞ է արդյոք՝ այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը։— «Փա՛ստ»,- դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն և դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արրարություն հայցող արեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո՛ղ. փաստ չկար,— կար— մթին կասկածանք։ Գրում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի՛ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.— Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից։ Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ. անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը- նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, և Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված։

Այո՛, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, և այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով։ Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը, և նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.- նրանք չգտնվեցին։ Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն՝ Կարո Դարայանի դիակը և Դարայանին սպանողները), այլև շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն։ Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած