Եվ հանկարծ, գլխների վերևում, վերը, ներքևում, իրենց շուրջը, չորս կողմը լսում են — խուլ, հեռու ջրերի խշշոց։ Ելնում են աստիճաններով և դուրս են գալիս... Քիչ է մնում հովից ու խոնավությունից ճրագը մարի։ Ո՞ւր են — չեն հասկանում։ Զգում են միայն, որ կանգնած են բարձր մի տեղ, ինչ-որ զարհուրելի խոնավության վրա։ Ներքևում, վարը — գետ է, հեղհեղուկ հոսանք։ Ջրերի խշշոց։ Ու հորդ, հեղհեղուկ հոսանքի վրա, վերը — երկինք է. մութ, խոնավ գիշեր։ Եվ Թաթոն հիշում է հանկարծ՝ կանգնած են ճիշտ այն բլուրանման պարսպի մնացորդի վրա, գետի մեջտեղում։ — Կամուրջն է. տեղացիք ասում են՝ Վարդանի կամուրջ։ Ահա ջրերի միջից, վարը, երգում են պառավները. ե՞րգ է, թե ջրերի խշշոց։ Ու հորդ, հեղհեղուկ խավարում շողշողում է վարը, ծփում է պսպղուն — օձը, կամուրջի բարի ոգին։ Եվ ահա խոնավ, խշշացող ջրերի միջից ելնում են ահավոր, բառաչում խռպոտ — ջրային գոմեշները. ահ է, զազրելի զարմանք... Արագ իջնում են վար, փախչում են անցքերով, ու էլի ահա — աստիճաններ։ Շատ են, ինչքա՛ն են շատ... Ելնում են, ելնում են, ելնում են. և ահա — դուրսն են նորից։ Շուրջը — երկինք է. աստղային մշուշ։ Վարը — քաղաքն է երևի. առկայծում են դեղին, տարտամ կրակներ։ Հեռուն, շատ հեռուն, լսվում է խուլ, տխուր — խշշոցը գետի. ոտքերի տակ իրենց — Բերդն է. քարե սնդուկները ծանր շընթըռկել են, քնել են ահավոր։ Կանգնած են իրենք բերդի ամենաբարձր աշտարակի վրա. փչում է սուր, սարսուռ, սառը մի քամի։ Ու մոտիկ-մոտիկ ծածանվում է լաթի մի կտոր. դրոշակն է բերդի։ Մութ է ափսոս։ Եթե ցերեկ լիներ՝ կտեսնեին դեղին կտավի վրա — երկգլխանի մի արծիվ՝ ոսկենկար զարզանդ։ Մութ է, գիշեր է, չի երևում։ Փչում է կատաղի — հրում է քամին. հիմա կընկնեն։ Ինչո՞ւ են այստեղ — ի՛նչ են ուզում։ Սարսափից խելագար՝ աստիճաններով կրկին իջնում են վար, ընկնում են գետնափոր անցքերը. վազում են շնչակտուր։ Եվ քրտինք կտրած՝ հանկարծ, երևի պատահմամբ — ելնում են իրենց ներքնահարկը նորից. բարձրանում են Թաթոյի սենյակը և քնում են մեռելանման։ Քնում են դառը, աներազ, ծանր մի քնով, բայց առավոտը զարթնում են կայտառ, ոգևորված։ Պատմում են բոլորին անցքերի մասին — և բոլորը մնում են ապշած ու շվարած։ Լինում են մարդիկ, որ այդ պատահական գյուտը համարում են խորհրդավոր նշան, զարթնումի սկզբնավորում։ Մոտ է — ասելիս են եղել նրանք — վայրկյանը վերածնության։ Եվ կանչել են նրանք Թաթոյին ու ընկերոջը, խստիվ
Էջ:Երկիր Նաիրի.djvu/16
Արտաքին տեսք