արգելել են այդ մասին զրուցել ու խոսել։ Բայց հիմա, այդ նշանավոր անցքից քսան-քսանհինգ տարի հետո, Բերդի, Առաքելոց եկեղեցու և Վարդանի կամուրջի մեջ գտնվող այդ անցքերի և աստիճանների մասին — բոլորը, նույնիսկ երեխաները գիտեն։ — Բայց այդ մասին, իհարկե, չեն խոսում երբեք. այդ մասին խստիվ արգելված է խոսել։ Այն էլ մոռացա ասեմ, որ երբ Թաթոյի և ընկերոջ անուշադիր լինելու շնորհիվ կառավարությունն իմանում է Առաքելոց եկեղեցու գաղտնիքը — խլում է Առաքելոց եկեղեցին նաիրցիների ձեռքից, իսկ Թաթոն ու ընկերն աքսորվում են Սիբիր և փտում են այնտեղի խոնավ զնդաններում։ Ահա՜ թե ինչ է իրենից ներկայացնում Առաքելոց եկեղեցին... Եվ դեռ ես այն էլ մոռացա ասեմ, որ բացի վերոհիշյալ հրաշքներից Նաիրյան արքաներ կան թաղված Առաքելոց եկեղեցում և երբ, եկեղեցին գրավելուց հետո, քանդել են եկեղեցու հատակը — վեմ-քարի ներքևում գտել են անթիվ-անհամար գանձեր ու անգնություններ... էհ, հին ու մութ պատմություն է, ընթերցո՛ղ — ո՞րը թվեմ։ Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել Նաիրյան արքաները. այդպիսի արքաներ հիմա չկան։ Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, եթե ոչ... ինչո՞ւ պիտի կորչեր արքայությունը նրանց, և ավերակի վերածվեր երկիրը Նաիրի... Ո՞ւր են հրաշագործ նաիրցիները հիմա — ո՞ւր է հազարամյա Նաիրին... Չկա, ոչինչ չկա հիմա։ Անգամ հնուց մնացած այդպիսի զարմանք– հրաշալիքներ ունեցող Նաիրյան այդ քաղաքը, որ առաջ արքայանիստ է եղել, մայր-քաղաք, հնամենի կենտրոն — այդ քաղաքն անգամ դարձել է հիմա, օտարների տիրապետության օրով — գավառական հետամնաց մի որջ, ուր պատժվելու համար մայրաքաղաքներից աքսոր են ուղարկվում զանազան զեղծումների մեջ բռնված ավազակ պաշտոնյաներ...
Քաղաքի այդ երեք հին հրաշալիքները նկարագրելուց հետո անցնենք հիմա քաղաքի նոր հրաշալիքներին։ Այդպիսով մենք կամաց-կամաց կմոտենանք քաղաքի առօրյա կենցաղին և հետզհետե մեր դեմ կելնեն հնամյա այդ քաղաքում այժմ ապրող բոլոր նշանավոր ու աննշան նաիրցիները — քաղաքի հիմիկվա բնակիչները։
Ամենամեծ նորությունը, որ Նաիրյան չէ և նույնիսկ անընտել, անհասկանալի է թվացել սկզբում տեղացիների աչքին — երկաթուղագիծն է՝