բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, և ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքևը — օ՜, զարմանալի զարմանք, — դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, և կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ — այդ նաիրատառ հրամանների ներքևը գրված էր — երևակայո՞ւմ եք — ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլ — երեք տառ միայն, երկու Հ. և մի Դ. (Հ. Հ. Դ.) — Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզև Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անուններ... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառից — ահա թե ինչ։ Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն — որասանը — սկսվում էր «Նաիրցինե՛ր» դիմումով, կարճ ու ազդու։ Այո՛, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքևի ստորագրությունը, — բայց հասկացողի համար մի ամբողջ, այո՛, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հոտիկ բանում, և այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլև ամենքը, բառացի ամենքը, — առանց բացառության։ Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլն, մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ — ամենքը, սա՛ էր ահա զարմանալին։ Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն ինքը, թե ընկ. Վառոդյանը, թե Սերգե Կասպարիչը — Բժիշկը, թե Օսեփ Նարիմանովը, թե Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե մանրավաճառ Կոլոպոտյանը, թե Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը և անգամ վակզալի բաշիբուզուկներն ու դեզերտիրները, այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը։ — «Նաիրցինե՛ր» — ասված էր այդ հրամանում, «Hannipal ad portas…!» Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, և թերևս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում–մի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն։ « — Թշնամին մոտենում է մեր դարպասներին» — ասվում էր ապա այդ հրամանում, — «և ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»։ — «Նաիրցինե՛ր» — կրկնված էր ապա տիեզերապարփակ
Էջ:Երկիր Նաիրի.djvu/166
Արտաքին տեսք