Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիմումն այդ հրամանում, « — Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված և այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ. մոտեցել է ոսոխը և կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»... « — Նաիրցինե՛ր» — երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին. — « — Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք և ճակատ գնալ իր սերական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը, — ծծկեր երեխայից մինչև իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա և իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին և իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքը — մեր դրախտանման Նաիրին»։ — Եվ — «Նաիրցինե՛ր» — չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին — «Հասել է վճռական րոպեն և Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ Նաիրյան ժողովրդին. — Դեպի կռիվ... Ի զեն, վերջի՛ն անգամ ի զեն, տառապյալ Նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ։ Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը։ Հ. Հ. Դ. կայանում է նրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր վարձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից։ Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին։ Օն, ուրեմն՝ ի զե՜ն, նաիրցինե՜ր — դեպի ռազմաճակատ...»։ Այսպես էր վերջանում հրամանը, և ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը — Հ. Հ. Դ..։ — Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն։ Այնպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռցավ». ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը։ Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել Երկրի Նաիրի և այդ քաղաքի վախճանի սկիզբը, և դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես