Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Լույսի» կառավարիչ Մազութի Համոն… Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար… Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր—պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի… Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին։—Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հսանելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա—նաիրյան աշխարհի… Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա—հնամյա Նաիրին… Ահա՛ թե ի՛նչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ այս օրվան սպասելիս… Օրը եկավ։ Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին բանակները նաիրյան աշխարհից, դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նաիրի Եվ ի՜նչ։ Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները. մնացել է Բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիւլե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին… Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը… Ո՞ւր է,—հարցնում էր դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.—«Ո՞ւր է»։ Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.—«Ո՞ւր է»—հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար, բերդի հազարամյա, մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայակերպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը և նաիրյան կորովը ոգեկոչում։ Ու չկար կորովը, ու լուռ էր բերդը։ Ու Բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, և Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատեր… «Ո՛չ»—ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի,