փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու, կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու։ Այդ կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով ևս ազդի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհրդի համարյա բոլոր անդամները. ոչ Գեներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին և ոչ էլ մյուսները. վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,—այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ։ Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն։—Այո՛, ի՞նչ պիտի աներ։—Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը և գնալ տուն՝ հանգստանալու. և Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը և որոշեց տուն գնալ՝ հանգստանալու։ Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը, ուղեղը նվում էր հոգնությունից. և, հոգնությունից, ուղեղում նվում էր… Նաիրին։ Հարկավոր էր քնել, հանգստանալ,—և արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը». գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային և Սևաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նաիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից։—Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը… «Քշի՛ր Բերդը»—հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ քնեց… Հաջորդ առավոտ… Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետև այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուասնում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից և ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու
Էջ:Երկիր Նաիրի.djvu/181
Արտաքին տեսք