Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րսւնքը։ Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց։ Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը— տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից։ Թշնամին, ինչպես երևում էր, արդեն մոտեցել էր բերդին։ Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը և Մեռելի Ենոքը, ինչպես և այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած՝ նայում էին բերդին։ Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...»— ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած։— Բայց նրան, ավա՜դ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ, երկու վայրկյան չանցած, ինքը, Քոռ Արութը չկար։ Եվ ոչ միայն ինքը, այլև իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը։ Եվ ահա թե ինչու։— Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց, գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը, այդ վայրկյանին երկրորդ անգամ ետ ցնցվեց գնացքը, խաւրջինը պոկվեց Քոռ Արութի ձեռից. ընկնող խուրջինի ետևից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը, չբռնեց, կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։— «Յա՜, Հարո՜ւթ...»— վախեցած ու լացակումած կանչեց նրա ետևից Մեռելի Ենոքը.— ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը, չբռնեց, կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։— Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի և Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ…

 Եվ այսպես՝ Քոռ Արութի ու Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, և թշնամին, ոսոխը, մտավ քաղաք։ Մենք չենք պատմի, ընթերցո՜ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետև դա վեր է մեր կարողությունից, կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ և սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից։ Բայց այս չէ էականը, ընթերցո՜ղ, էականն այն է, որ, - 170–