Էջ:Երկիր Նաիրի.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Ուր որ կուզես», — պատասխանում է մյուսը։

— Մոսկով կերթա՞ս։

«Հըլբըթ կերթաս»։

— Կի՞վ...

«Կիվ էլ կերթաս...»։

Ու տիրում է լռություն՝ ակնածանք ու զարմանք։ Երկրորդ նորությունը, որ նույնպես Նաիրյան չէ և դեպի որը հատուկ մի ակնածանք են զգում բոլոր քաղաքացիներն անխտիր և որով այնքան հիանում է միշտ ծխական դպրոցի ուսուցիչ պ. Դրաստամատյանը — հինգհարկանի այն հսկա շինությունն է, որ կանգնած է քաղաքի մեջտեղում, որպես ահռելի մի վեհություն, քարե ակնածանք։ Այո, քարե մի ակնածանք, որովհետև այդ շենքը, բացի իր վիթխարի լինելը, նշանակալից է և մի ուրիշ, ավելի կարևոր — ամենակարևոր հանգամանքի շնորհիվ. — այդտե՛ղ, այդ միակ շենքումն են կենտրոնացած քաղաքի և նույնիսկ գավառի ամենաազդեցիկ հիմնարկությունները։ Այդտեղ են նստում՝ գավառապետը, ոստիկանապետը, — այդտեղ է զորակոչային գավառական ատյանը և այդ շենքում են, վերջապես, գտնվում՝ փոստ-հեռագիրը և պետական գանձարանը։ Եվ էլի՛ բոլորը չկարողացա թվել։ Մոռացա ամենակարևոր հիմնարկությունը — այն, առանց որի այդ առասպելական շինությունն իր հմայքի և մանավանդ սարսափելի ակնածանքի կեսից ավելին կկորցներ... Բանն այն է, որ այդ հինգհարկանի շենքի առաջին հարկում, միջանցքի ամենածայրը, կարելի է ասել շենքի ամենահետընկած անկյունում կա մի փոքրիկ սենյակ... Աստված չանի, ընթերցող, այդ սենյակն ընկնես. որ ընկար — ազատվելիք չկա։ «Մութ տեղը» — այսպես են անվանում քաղաքացիք այդ սենյակը, թեկուզ սենյակը բոլորովին լույս է երկու պատուհան ունի և երեք էլեկտրական լամպ։ Իսկի էլ լուսավորություն չունենալը չէ, որ դարձրել է սենյակը այդ խորհրդավոր ակնարկին արժանի, այլ թերևս այն, որ այդտեղ մտնողի աչքերը... մթնում են սարսափից, ահա՛ թե ինչ հատկություն ունի այդ խորհրդավոր սենյակը, սիրելի ընթերցող... Եվ մեծ չափով այդ սենյակին պետք է վերագրել այն խորհրդավոր հարգանքը, որ զգում է ամեն մի քաղաքացի այդ շենքի մոտով անցնելիս։ Եվ նա չէ արդյոք պատճառը, որ այդ հինգհարկանի տունը դարձել է մի ամենակարող կենտրոն, կամ, ավելի լավ է ասել՝ առանցք, որի շուրջն են դառնում քաղաքն ու գավառը — և չեն կարող չդառնալ։ Այն միանգամայն ճշմարիտ ակսիոման, որ