ձգված ռուսների տիրապետության օրով՝ քսան տարի առաջ։ Քաղաքի բնակչության կեսից ավելին դեռ մինչև հիմա էլ հիշում է անմոռանալի այն օրը, երբ անհայտ հեռուներից մինչև այդ քաղաքը ձգված երկաթե գծերի վրայով առաջին անգամ մոտեցել է գնացքը նորակառույց կայարանին։ Եղել է — խնդուն խրախճանք, զարմանալի զարմանք։ Եղել են մարդիկ, որ զարմանքից ու հիացմունքից չեն կարողացել խոսել, առնվել է լեզուները զարմանքից ու հիացմունքից։ Շատերը հիշում են այն հետաքրքիր մանրամասնությունն անգամ, որ գնացքի շոգեկառքը զարդարված է եղել ծառերով ու ծաղիկներով։ Իսկ շոգեկառքի ճակատին, ճիշտ լապտերի վերևը, ծածանվելիս է եղել կապույտ մի դրոշակ՝ վրան ոսկենկար երկգլխանի մի արծիվ։ Այդպիսի՛ ահա շուքով ու ցնծությամբ է մոտեցել գնացքը քաղաքի կայարանին, որտեղ քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը հավաքված է եղել — ուրախ, տոնական զգեստներով — գնացքին դիմավորելու։ Կայարանի առաջ նվազելիս է եղել զինվորական երաժշտախումբը և նրա մոտ կանգնած դիմավորել են գնացքը մի շարք պատկառելի նաիրցիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, գավառապետը, օգնականը, զինվորական ատյանի պետը, Գեներալ Ալոշը, Մազութի Համոյի հայրը՝ Առաքել աղան — ո՞րը հիշես... Չնայած, սակայն, նրան, որ այդ զարմանահիշատակ օրվանից քսան-քսաներկու տարի է անցել, չնայած, ասում ենք, այդ երկար ու ձիգ քսան-քսաներկու տարիներին — մինչև օրս էլ կան այդ քաղաքում շատ և շատ պատկառելի ու անպատկառ նաիրցիներ, որոնք, երևակայո՞ւմ եք, ոչ միայն գնացք չեն նստել, այլև նայում են շոգեկառքին, որպես մի զարմանալի հրաշքի։ Օրինակ, քաղաքում ամենին հայտնի դագաղագործ Մեռելի Ենոքին մինչև օրս էլ զարմանալի է թվում, թե էդ ինչպե՞ս են մարդիկ, անշունչ երկաթների վրայով, անձի– անգոմեշ վագոնների մեջ նստած՝ տեղից-տեղ ճանապարհվում։ Դեռ մինչև օրս էլ կիրակի օրերը շատ անգամ կարելի է հանդիպել երկու պատկառելի նաիրցիների, որոնք կիրակնօրյա պտույտի ելած (երկաթուղու կայարանը քաղաքային այգուց հետո երկրորդ զբոսավայրն է Նաիրյան այդ քաղաքում) — կանգնել են երկաթուղագծի առաջ և զբաղված են այսպիսի մի զրույցով.
— Էս տնաքանդը տես մի ինչեր արաց... — ասում է մեկը, ոտքով ծուլորեն խփելով երկաթուղագծին և յուղոտ մի ժպիտ երեսին լսելով երկաթուղագծի ախորժ զնգոցը։
— Էսպես որ նստիս — տեյի ո՞ւր կերթաս...