օր լվանա իր խղճից մի իսկական հեղափոխական գործով, — բայց մենք արդեն չափազանց երկարացրինք ընկ. Վառոդյանի խղճի պատմությունը, անցնենք քաղաքին։
Բացի հինգհարկանի շենքից — այդ, այսպես թե այնպես — ամենակարող կենտրոնից — քաղաքում կան, այստեղ ու այնտեղ հաստատված, մի շարք ուրիշ, քիչ թե շատ նշանավոր և աննշան կենտրոններ, ինչպիսիք են՝ հիվանդանոցը, քաղաքային ակումբը, տղայոց գիմնազը, իգական գիմնազը, քաղաքային և երկու ծխական դպրոցները. մոռացանք հաշտարար դատավորի ատյանը, բանտը և «հասարակաց տունը», որի համար խորապես խնդրում ենք ներողամիտ լինեք։ Զորանոցները քաղաքին չեն վերաբերվում, նրանք գտնվում են երկաթուղագծի այն կողմը, գերեզմանատան մոտ, այնպես որ այդ երկու «հիմնարկությունները» թողնում ենք, միանգամայն հասկանալի պատճառով, անուշադիր։ Քաղաքային հիվանդանոցն էլ, ասենք, համարյա թե քաղաքից դուրս է գտնվում, միհարկանի ցածլիկ մի տնակ է այդ, որ գտնվում է քաղաքի ծայրում, մի ցեխոտ ու նեղլիկ փողոցի անկյունը՝ ինքն էլ ցեխոտ ու խոնավ, ինչպես այդ փողոցը։ Հիվանդանոցի բժիշկ պ. Սերգե Կասպարիչը քանիցս մտադիր է եղել հիվանդանոցը տեղափոխել քաղաք, բայց, դժբախտաբար, միշտ այնպես է պատահել, որ որևէ կարևոր մի հանգամանք խանգարել է նրան։ — Կամ ինքն է հիվանդացել, կամ գավառապետի կինը, իսկ վերջին անգամ, երբ թե շենքն էր պատրաստ և թե սկսված էին բանակցություններ ինչպես շենքի տիրոջ, այնպես էլ հինգհարկանի կենտրոնի հետ, — երբ, որտեղից որտեղ, բժշկի համար միանգամայն անսպասելի, իսկ քաղաքացիների համար չափազանց սպասելի կերպով՝ պայթեց բժշկի գլխին աներևակայելի մի դժբախտություն, բժշկի Լեդայի գեղեցկություն ունեցող մանկահասակ կինը ինքնասպանփության գործեց... երևակայո՞ւմ եք՝ իրենց տան... արտաքնոցոմ։ Մերկ, բոլորովին մերկ, ինչպես ասում են՝ Ադամի (Եվայի) զգեստներով մտել էր արտաքնոցը և ինքնասպանություն էր գործել ոչ թե ատրճանակի, կամ, ինչպես նման դեպքերում ընդունված է, որևէ թույնի օգնությամբ, այլ... շշմեցնող, անհասկանալի մի բան. քանդել էր արտաքնոցի հատակի տախտակը և նետել էր իրեն... հասկանո՞ւմ եք, թե ո՞ւր։ Այս զարհուրելի, քստմնելի, այլանդակ, անհասկանալի, համարյա դիվային դժբախտությունից հետո բժիշկը ընդմիշտ ձեռք քաշեց իր մարդասիրական տրամադրություններից