Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեց ակումբում, որտեղ նա դժբախտությունից առաջ միայն «պրաֆերան» էր խաղում ժամանցի և ջղերի հանգստության համար, — սկսեց դժբախտությունից հետո «բակարա», «մակաո» կամ տեղական «ցխրա» խաղը խաղալ, որով բավականին հանգստացնել կարողացավ իր այնքա՛ն քայքայված ջղերը։ Եվ երբ այդ դեպքից հետո բժշկի կառապանը, որ լիովին վարձատրվում էր հիվանդանոցի կողմից, սկսեց բժշկին տուն հրավիրող պացիենտներից «կառքի փող» վերցնել — հիսունական կուղեկ — ոչ մի քաղաքացի սիրտ չունեցավ բարկանալու կառապանի վրա։ Եվ ինչո՞ւ բարկանար, չափազանց էր մեծ բժշկի գլխին պայթած ընտանեկան դժբախտությունը, որից հետո, հարկավոր է ասել, ո՛չ միայն այդ փոփոխությունն էր, որ առաջ եկավ բժշկի գործերում, այլ պատահեց և այն, որ հիվանդանոցում մինչ այդ հասարակ ծառայի պարտականություններ կատարող բիթլիսցի Արշակն ստանձնեց նույն հիվանդանոցի պատասխանատու, կամ, ինչպես ասում են հերթապահ ֆելդշերի պաշտոնը, որով հնարավորություն ստեղծվեց բժշկական օգնություն հասցնելու ամեն դիմողի և ամեն ժամանակ։ — Մի հանգամանք, որի գոյություն չունենալուց-առաջ շատ և շատ չքավոր հիվանդներ օրերով սպասում էին հիվանդանոցի պատերի տակ ընկած իզուր երազելով օգնություն և կարեկցություն։ Չիք չարիք առանց բարյաց — ասում է իմաստությունը, և այս դեպքը մի անգամ ևս հաստատեց այդ դարավոր իմաստության անքնին ճշմարտությունը։ Մանավանդ չպետք է մոռանալ, որ այդ մարդասիրական քայլը անելով (բիթլիսցի Արշակին ֆելդշեր նշանակելով) բժիշկն էապես de jure հաստատեց այն, ինչ de facto վաղուց արդեն գոյություն ուներ և անխանգար կերպով ծավալում էր իր գործունեությունը հիվանդանոցում ու քաղաքում։ Բանն այն է, որ Բիթլիսցի Արշակը վաղուց հետե զբաղվում էր բժշկական պրակտիկայով և նույնիսկ բավականին հռչակ էր վայելում ոչ միայն քաղաքի հետամնաց թաղերում, այլև մոտակա շատ և շատ գյուղերում, դեպի որոնք հաճախ բժշկական տուրնեներ էր կատարում Բիթլիսցի Արշակը, կամ, ինչպես գյուղացիներն էին նրան հորջորջում՝ «դոխտուր Արշակը»։ Պարբերաբար ամեն տարի Մեծ պասի երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը կարելի էր տեսնել Բիթլիսցի Արշակին գյուղական երկանիվ սայլի վրա նստած դեպի մոտակա գյուղերը տուրնեի գնալիս, որից նա միշտ վերադառնում էր ավագ երեքշաբթի օրը՝ նույն երկանիվ սայլի վրա յուղ, պանիր, ձու և մի քանի սպիտակահեր գառնուկներ