Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձած, որոնցից բավականին պատկառելի մասը բժշկի տունն էր ուղարկվում, որպես նրա երախտապարտ ծառայի կողմից խոնարհաբար մատուցած զատկական «ռուշվաթ» (նվիրաբերություն): Այնպես որ բժիշկն իր այդ մարդասիրական քայլն անելու համար ամենայն բարոյական և իրավական իրավունք ունենալուց բացի՝ ի դեպս իր ամենավերջին պաշտոնյային ըստ արժանյաց վարձատրելով հանդերձ՝ ազատեց իր վտիտ ուսերը քաղաքային բժշկի չափազանց ծանր ու պատասխանատու պարտականությունների մի փոքրիկ մասից՝ ուսերի ազատ մնացած մասը տրամադրելով ընտանեկան վերոհիշյալ դժբախտության ահռելի ծանրությանը, որը կրել կարողանալու համար ճիշտ որ հարկավոր էին այդպիսի քիչ թե շատ թեթևացնող միջոցներ։ Եվ այդ միջոցները գտնելու գործում, ասում են, մեծ բարոյական օգնություն է ցույց տվել բժիշկ Սերգե Կասպարիչին նրա վաղեմի բարեկամ և թղթախաղային պարտնյոր՝ քաղաքի հաշտարար դատավոր պ. Օսեփ Նարիմանովը, նա, որ մոտիկ բարեկամն է մի անգամ արդեն պատմությանս սկզբում հիշված, քաղաքի ամենահարգելի հարուստ Գեներալ Ալոշի, որի ասելով Օսեփ Նարիմաևովը «հոգի է, իսկական հոգի»...

Նրա ատյանը գտնվում է քաղաքի ամենամեծ— Ալեքսանդրյան փողոցի վրա։ Մի թիթեղե ցուցանակ ունի, որի վրա գրված է ռուսերեն՝ «Հաշտարար դատավոր»։ Օսեփ Նարիմանովը նստում է այդտեղ։ Նրա ատյանին կից երեքհարկանի շենքը ռեալական դպրոցն է, նրանից երկու տուն այն կողմը—օրիորդաց գիմնազը, իսկ օրիորդաց գիմնազից երեք տուն այն կողմը— ա՛յն պալատ-շինությունն է, որ պատկանում է մեզ արդեն բավականին ծանոթ Գեներալ Ալոշին։ Քաղաքի ամենամեծ հարուստն է Գեներալ Ալոշը, որ թեկուզ և գեներալ չէ և ոչ էլ զինվորական, բայց քաղաքում ունեցած իր դիրքի և ազդեցության շնորհիվ ստացել է այդ պատվավոր հորջորջումը։ Իսկ Գեներալ Ալոշի դիրքի մասին մոտավոր գաղափար տալու համար բավական է ասել, որ նրա բնակարանում է իջևանում նահանգապետը՝ ամեն անգամ այդ քաղաքն այցելելիս.— ահա՛ թե ով է Գեներալ Ալոշը։— Հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, որ ապրում է Գեներալ Ալոշի պալատ-բնակարանի ներքևի հարկում, սիրում է պատմել ակումբում նրա, Գեներալ Ալոշի ներկայությամբ, թե ինչպե՞ս նահանգապետը, առաջին անգամ Գեներալ Ալոշի բնակարանը մտնելիս, բարեհաճել է այն կարծիքը հայտնել, որ այդպիսի