Էջ:Երկիր Նաիրի.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալոշին, և ամեն առավոտ, երբ նա հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հետ անցնում է դպրոցների առաջից — ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչ — «Փուքսը» (այսպես են անվանում դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչին չարաճճի աշակերտները՝ նրա փորի բավականին պատկառելի մեծության պատճառով) — բացականչում է վերից՝ տեսչանոցի պատուհանից, — Խորի՛ն հարգանքներս Ալոշա Նիկիտիչին. Օսեփ Կարպիչին — նույնպես։ Դպրոցի աշակերտները շատ անգամ են լսել իրենց խոժոռ տեսչի սիրալիր այս բացականչությունը վերոհիշյալների հասցեին — և թերևս մի քիչ էլ այս է պատճառը, որ նրանք, դպրոցի աշակերտները, մի առանձին հարգանք են տածում դեպի Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը։ Ասում եմ «մի քիչ» որովհետև հիշյալ պատկառելի քաղաքացիներին հարգելու ուրիշ պատճառներ և միանգամայն արդարացի հիմքեր ևս ունեն ռեալական դպրոցի չափահաս աշակերտները։ Երբ, զատկին կամ Ծննդին, դպրոցական երեկույթներ են լինում դպրոցի սրահում — ովքե՞ր են բազմում առաջին կարգի նստարանների վրա, գավառապետի կողքին. — Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը։ Եվ կամ երբ տոնածառի լուսազարդ ճյուղերից կախված շաքարե թիթեռնիկներն ու գույնզգույն կոնֆետները ստանալուց հետո աշակերտները գնում են տուն և միայն հյուրերն ու ուսուցիչներն են մնում ընթրիքի — ովքե՞ր են բացակայում միշտ՝ ելնում են սեղանի վրայից և քչփչալով շրջում մութ դասարաններում. — տեսչի կին Օլգա Վասիլևնան-Շիկահեր Դդումը (ինչպես անվանում էին նրան աշակերտները) և Օսեփ Նարիմանովը — մեկ, — և հետո՝ Ալյոշա Նիկիտիչը՝ մերթ օրիորդաց գիմնազի վարժուհի Վառյա-հոգյակի հետ թևանցուկ, մերթ էլ՝ թվաբանության ուսուցիչ Բարսեղ Աբգարիչի կնոջ– «ճուտ»-ի իրանը գրկած։ Այս ամենն իր սեփական աչքերով տեսել է հինգերորդ դասարանի աշակերտ Վարդանյան Սերգուշը և պատմել է ընկերներին ամենայն մանրամասնությամբ։ Իսկ նման դեպքերից մի շաբաթ անց սովորաբար ռեալական դպրոցի և օրիորդաց գիմնազի արտաքնոցների պատերին լույս են տեսնում վերոհիշյալ անցքերին վերաբերյալ բավականին հետաքրքիր հանգավոր և անհանգ գրություններ, որոնք շատ շուտով տարածվում և բերանից բերան են անցնում ո՛չ միայն հիշյալ դպրոցների պատերում, այլ այդ պատերից բավականին հեռու գտնվող շատ և շատ ընտանեկան հարկերի ներքո, նույնիսկ Տելեֆոն Սեթոյի սրճարանում։ Եվ արդյոք նրանք չե՞ն մեղավոր (Գեներալ