Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալոշը և Օսեփ Նարիմանովը), որ մինչև օրս էլ «պսակի չարժանացած» ծխական դպրոցի ուսուցչուհի օր. Սաթոն ունի ընդամենը հինգդասյան կրթություն և որպես ոչ միջնակարգավարտ ստանում է պակաս ռոճիկ նրանք են, նրանք են միշտ՝ Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: — Հետաքրքիր քաղաք է Նաիրյան այդ քաղաքը և բազում խորհրդավոր ու հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի...

Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր և ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետև նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին: Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս և ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո՜, — իսկական Նաիրյան կնիքով: Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. Նա կենտրոն է, և որքան էլ ասածս չափազանցություն թվա — կարևոր կենտրոն: — Եկեղեցիներին և ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում և սանկցիա ստանում: Մոմավաճառքի արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունում — էապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները և սալոնները: Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը. — տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում և, որ ամենակարևորն է ազատ է կողմնակի այցելուներից, շաբաթը մի, կամ շատշատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո՛չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ հավաքված վարժապետներին և հոգաբարձուներին: Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից՝ հաճախ նարդի, կամ թուղթ են խաղում որևէ ուտելիքի, կամ մի երկու շիշ գինու վրա. ով որ տարվեց — գնի: Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի, այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ ամեն ինչից տեղեկություններ