ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման։ Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կերոն գնելու — ս. Գևորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ-Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա, — ասել է տեր Հուսիկ-Խաչագողը Տելեֆոն Սեթոյին, — կարող է եկեղեցուց վերցնել, թե էժան կնստի և թե եկեղեցին կօգտըվի, — ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան։ Ահա թե ինչու ազգային այդ հիմնարկությունը — եկեղեցական մոմավաճառքի խանութը — այցելուներ չունի։
Բայց որպես մի հսկայական «քաղաքական ակումբ» — և այն էլ ոչ միայն վարժապետների և հոգաբարձուների, այլև ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար, — որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը, — մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել «Նաիրյան գործերի կենտրոն»։ Եվ այդ էլ «Լույս» ընկերության ներկայացուցիչ Համո Ասատուրովի շնորհիվ, այն Համո Ասատուրովի, որին, նավթի հետ գործ ունենալու պատճառով, քաղաքում կարճ անվանում են — «Մազութի Համո»։ Չնայած այն հանգամանքին, որ «Լույսի» ներկայացուցիչ Համո Ասատուրովը Մազութի Համո է — գավառապետի ամենամոտիկ բարեկամն է և նրա տարիքավոր կնոջ՝ Ագրիպինա Վլադիսլավովնայի միակ մխիթարանքը այդ «տաղտուկ, զզվելի, հիմար քաղաքում» — մյուս կողմից՝ չնայած որ գավառապետն իր հերթին մշտական հյուրն է Համո Համբարձումովիչի հյուրընկալ ընտանիքում՝ մանավանդ երբ տանն է լինում ոչ թե ինքը Մազութի Համոն, կամ նրա կինը՝ Անգինա Բարսեղովնան, այլ նրանց աղջիկը՝ տասնութ տարեկան «Սևաչյա Պրիմադոննան», — չնայած, կրկնում ենք, Մազութի Համոյի ընտանեկան այս բարդ հանգամանքներին — գուցեև շնորհիվ հենց այդ հանգամանքների — Մազութի Համոն է՛ և կմնա միակ կենտրոնական անձնավորությունը Նաիրյան այդ քաղաքի — և ո՛չ մի ազգային, կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա, Մազութի Համոյի, սանկցիայի։ Որովհետև, բացի վերոհիշյալ հանգամանքները, Մազութի Համոն ամենախելացի և գործունյա անձնավորությունն է ամբողջ քաղաքում, դիրքի տեր է,