չէ, որ իսկույն սպառվի. քանի դեռ ապրում է ինքը և կանգուն է Բաքուն, Համո Համբարձումովիչի գրասենյակը կա և կմնա իսկական «Նաիրյան գործերի կենտրոն» և ո՞վ գիտե նրա, Համո Համբարձումովիչի գրասենյակից չէ, որ պիտի ելնե խանդավառ առաջին «ողջույնը ազատ նաիրցիներին» — երբ ցրվի մի օր մուժը, մշուշը դարավոր Նաիրիի դեմքից և զվարթ ու խնդուն, որպես ինքնակալ մի արքա — ժողովուրդ, ելնե դարերի փոշուց ազա՛տ Նաիրին...
Այսպիսի մտքեր է ահա ունենում ամեն անգամ Նշան Մառանկոզյանի նախկին խանութի առաջից անցնելիս Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն։
Բայց բավական է, կարծեմ, որքան խոսեցինք Նաիրյան քաղաքի զանազան նշանավոր և աննշան կենտրոնների մասին. եթե այդ քաղաքի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող կենտրոնների մասին խոսելու լինեինք` նախ երբեք չէինք վերջացնի, և, երկրորդ՝ ընկեր Սուրեն Վառոդյանի նման դեմ կառնեինք այն թյուրիմաց հարցին, թե ինչո՞ւ, վերջապես, կենտրոն չի՛ կարող համարվել թեկուզ Եգոռ Արզումանովի գինետունը, կամ Տելեֆոն Սեթոյի հայտնի սրճարանը, որ ունի հայերեն գրված այսպիսի մի ցուցանակ.
Թողնենք, ուրեմն, բոլոր այդ կենտրոնները և անցնենք քաղաքի առօրյա կենցաղին։
Ինչպես ամեն տեղ աշխարհիս երեսին, այնպես էլ նաիրյան այդ փոքրիկ քաղաքում — կանուխ, մութլուսուն ելնում է նաիրցի խանութպանը, ոմն Կարապետյան կամ Մարտիրոսյան, — իր տնից և գնում է գործի։ Քաղաքի առևտրական մասը Լորիս — Մելիքյան կոչված փողոցն է, ուր երկու շարք, կողք-կողքի ձգված են ցածլիկ, միհարկանի խանութները` երկար-երկար — մինչև կայարան։ Քաղաքի ամենաբանուկ փողոցն է այդ և որպես այդպիսին` ամենափոշոտն ու ամենացեխոտը։ Եթե անձրևային է լինում եղանակը` փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար հարկավոր է ձեռք քաշել