կրկնակոշիկից կամ կոշիկից, եթե մեծ է այն ոտքիդ, անպայման ցեխում կմնա։ — Այդ փոշոտ, ցեխոտ, նեղլիկ փողոցում են կենտրոնացած քաղաքի առևտրական հիմնարկությունները և ուրիշ ոչ մի տեղ, եթե, իհարկե, չհաշվենք թաղերում գտնվող այն մի երկու տուն-խանութները, որոնցում առևտուրը տեղի է ունենում նահապետական ձևով` ապրանքների փոխանակությամբ։ Մի ձուն — մի ասեղ` ահա այդ խանութների առևտուրը։
Ինչպես ասացինք` առավոտ կանուխ, համարյա մութլուսուն, ելնում է նաիրցի խանութպանը տնից և գնում է գործի։ Նա — ահա — անցնում է առավոտվա մշուշի միջով, ելնում է մշուշից` միջահասակ, ծուռ, աջ ուսը միշտ մի քիչ բարձր ձախից. մոխիրե ուրվական։ Լուրջ է` դեմքը թուխս նստած հավի է նման, հոգսեր, հոգսեր, հոգսեր — աշխարքի հանելուկ։ Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ, ու բացվում են խանութներն իրար ետևից, հացագործ, մանրավաճառ, կոշկակար. կողքին` մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ։ Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի. հացթուխի խանութում միևնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել և գրվանքաներով ծախում է ուզողին։ Կտորեղեն ծախողը — հակերով բրինձ է վաճառում, կամ շաքար, կամ լուցկի։ Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նաիրցի վարսավիրությամբ է զբաղվում։ Կամ մտնում ես ներս — վարսավիր է, բայց պատուհանի առաջ, անկյունում, ակնոցավոր մի մարդ սեղանի դեմը նստած` ժամացույցներ է տնտղում, ժամագործ է։
Կամ այստեղ, նպարավաճառի կողքին, աղյուսե բավականին ընդարձակ մի խանութ է ահա. մեծ, ապակեպատ դռներով, նույնիսկ վիտրին ունի, ուր շարված են` տղամարդու և կանացի պատրաստի կոստյումներ, սանրեր, մկրատներ, արտասահմանյան օծանելիքներ։ Իսկ ցուցանա՞կը. Փարիզից է բերված. — սև ֆոնի վրա ոսկեզօծ տառերով գրված է ֆրանսերեն՝ «A bon marche»։ Տերը՝ երեսունն անց սափրված Եվրոպացի է՝ պենսնեն Նաիրյան քթին, անբեղ– անմորուք. դերասան է ասես, որ զբաղվում է առևտրով։ Նրան անվանում են քաղաքում — պ. Աբոմարշ։
Աբոմարշի հարևանը սափրիչ է. չէ. Եվրոպական վարսավիր, ինչպես հայտարարված է նրա ցուցանակի վրա։ Անունն է պ. Վասիլ։