Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և շարունակում է նայել փողոցով անցնող սպիտակ ոչխարների ծանր դմակներին։ Ղահվեճին, որ ընդհանրապես սիրում է խոսակցությունը, ուզում է զրույց սկսել քաղաքի նորությունների մասին, բայց Հաջին, նկատե՛լով փողոցի ծայրից առաջացող իր երեխային, որ ամեն առավոտ իր համար հաց ու պանիր է բերում տնից (շաքար խանութում կա) — մտնում է իր խանութը թեյելու։ Ղահվեճին, մենակ մնալով, մտածում է ինքն էլ մտնի իր խանութը թեյելու, բայց այդ պահուն կոշկակար Սիմոնը դուրս է ելնում խանութից և ձեռքը մեկնելով նրան՝ «Բարի լույս, պ. Սեդրակ» — ասում է քաղաքավարի։ «— Գիշերս լա՞վ ես քնե» — հարցնում է կոշկակար Սիմոնը Ղահվեճի Սեթոյին։ Շատ քաղաքավարի երիտասարդ է կոշկակար Սիմոնը և միակն է քաղաքում, որ «պ. Սեդրակ» է անվանում ղահվեճի Սեթոյին։ Ուստի և այս վերջին հանգամանքից չափազանց զգացված «Աղեկ եմ» — պատասխանում է, ժպտալով, ղահվեճի Սեթոն. «— առավոտ յաղլու մը կլած եմ, ըստ սովորության»։ — «Անուշներ» — կտրուկ կտրում է Սիմոնը և նորից մտնում է խանութը՝ թողնելով անուշ հիացմունքի մեջ ղահվեճի Սեթոյին։ «Ի՞նչ կըսեր էլի Կլուբի մեյմունը» — յուղոտ ժպիտը դեմքին, դանդաղ մոտենալով, հարցնում է վարսավիր Վասիլը։ «— Գործ չկա— պատասխանում է հորանջելով ղահվեճի Սեթոն, և երկուսը միասին, տխուր-տխուր աչքերով, սկսում են նայել փողոցի մեջտեղով անցնող անասուններին ու գյուղացիներին։ «Ես չեմ հասկնար, թե դուն ինչո՞ւ չես հարգեր սապռոժնիկ Սիմոնը» — ասում է ղահվեճին. «— ես անոր ոտքերը ունենայի նե — հիմա սանկ թխլիկ կնիկ մը տունս նստած կլլար. սատանայի պես կպարե շանորդին...»։ «Չի ըսե՝ մեյմունի պես, կըսե սատանայի» — լինում է վարսավիրի կտրուկ պատասխանը։ Ղահվեճին վիրավորվում է իր մեջ, բայց վախենում է վարսավիրի հեգնող լեզվից և ոչ մի բառով կամ ակնարկով չի արտահայտում իր դժգոհությունը. «Ինչ կըհասկնա այդ աղտոտ ուշազբաղը» — հայհոյում է մտքում վիրավորված ղահվեճին և մի վախլուկ ժպիտ սահեցնելով դեմքին՝ մտնում է խանութը։ Եվ այս պատմությունը կրկընվում է ամեն օր համարյա, ամեն առավոտ։ «Վատ, չարախոս լեզու ունի աշաղբազ պերպերը» — մտածում է, խանութի մի անկյունը նստած, ղահվեճի Սեթոն։

Արևը կամաց-կամաց սկսում է բարձրանալ, և ահա մյուս, ոչ խանութպան, քաղաքացիները ևս ելնում են տներից և մայթերի