Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրայով գնում են՝ մի մասը «պրովիզ» գնելու, մի մասը — գործի։ Պաշտոնյաները շտապում են պաշտոնատեղի, պ. Մարուքեն շտապում է դպրոց։ Խանութներում գործը հետզհետե սկսում է եռալ, և գուցե միայն դագաղագործը և «Եվրոպա» ճաշարանի տնօրեն Եգոռ Արզումանովն են հիմա, անգործ նստած իրենց խանութների առաջ, ձանձրույթից հորանջում։ Սակայն նրանք էլ կամաց կամաց սկսում են զբաղվել, դագաղագործը ձանձրույթից ձանձրացած՝ սկսում է թղթե արծաթազօծ հրեշտակներ կպցնել դագաղների վրա, իսկ դուքանչի Եգոռը մի բավականին մաքուր սրբիչ վերցնելով սկսում է ճաշարանի սեղանները սրբել։ Սրբում, սրբում է դուքանչի Եգոռը և շվվացնելով «Վասադուլի» ռուսական երգը, մտածում է, որ հարկավոր է մի մեծ քաղաք տեղափոխվել — Ռաստով կամ Կատինդար — և այնտեղ կարգին «ստալավո» պահել։ Եվ հանկարծ, ինքն էլ չգիտե ինչու, հիշում է, որ ղահվեճի Սեթոն մի անգամ բարեկենդանին մի ֆունտ լվացքի սապոն միանգամից կերավ՝ տասը ռուբլի գրազի համար։ Թյո՛ւ քու գալած Ճամփեն...» — զզվանքով հայհոյում է Եգոռ Արզումանովը և սրբիչը մի կողմ նետելով՝ ելնում է փողոց։

Այդ նույն վայրկյանին պ. Մարուքեն մտնում է վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ածիլվելու։ Ամեն օր դպրոց գնալուց առաջ անպայման ածիլվում է պ. Մարուքեն։ Ահա թե ինչու վարսավիր Վասիլը մի առանձին հարգանք է տածում դեպի պ. Մարուքեն, ածիլելիս այնքան է մոտեցնում իր արաղահոտ շրթունքները պ. Մարուքեի այտերին, որ միանգամայն հավանական է դարձնում ղահվեճի Սեթոյի կասկածները վարսավիրի բարոյականի նկատմամբ։ Պ. Մարուքեն, իհարկե, երիտասարդ չէ, երեսուն-երեսուներկու տարեկան կլինի — թեպետ, մյուս կողմից դեմքը թուխ է, հաճախ սափրվելուց և պուդրա գործածելուց այտերը հաճելի քնքշություն են ստացել, իսկ քթի ծայրը համարյա միշտ կարմրած է լինում հարբուխից կամ օղուց։

«Խորին հարգանքներս պ. Մարուքեին» — ասում է վարսավիր Վասիլը, գլուխ տալով, երբ պ. Մարուքեն թեթև գլխով է անում և լուրջ, սփրթնած դեմքով նստում է հայելու առաջ։ Աչքերը փակում ու, ծույլ, փափկաթոռի մեջ ընկղմած, սպասում է, մինչև տաք, կակուղ խոզանակը, սապոնոտ սահելով քսվի դեմքին և իր այտերի վրա շոգ, տաք զգա վարսավիր Վասիլի արաղահամ շնչառությունը» «Զգույշ» — բարկացած վեր է