Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռչում պ. Մարուքեն, երբ վարսավիրի տաք շրթունքները համարյա քսվում են նրա դեմքին։ «Ինչ գռեհիկ են այստեղի վարսավիրները» — տխուր մտածում է պ. Մարուքեն։ «Ուրիշ բան է, օրինակ, եվրոպական քաղաքներում կամ, թեկուզ, Ռուսաստանում․ այնտեղ մարդիկ քաղաքավարի, մաքուր են ավելի, այնպես են ածիլում, որ հաճույք ես զգում։ Իսկ պ. Վասիլը... Նու, քիչ է մնում բերանդ մտնի, հիմար, գռեհիկ նաիրցի...»։

«Անուշներ» — ասում է պ. Վասիլը, երբ, մազերը սանրելուց հետո, սպիտակ սրբիչով մաքրում է պ. Մարուքեի դեմքի պուդրան և խոզանակով սկսում է նրա օձիքը մաքրել։ «Էսօր աչքիս քիչ տխուր կերևաս, ի՞նչ է պատահե՞ — հարցնում է վարսավիր Վասիլը խորամանկ ժպտալով. — «Առանձին բան չկա» — խռպոտ, լուրջ ձայնով պատասխանում է պ. Մարուքեն և գլխարկը վերցնելով շտապում է դպրոց։

Մարդիկ անցնում են դանդաղ, անշտապ անցնում են մարդիկ, կանայք, երեխաներ — ելել են փողոց, որ գնան՝ պաշտոնի, գնումներ անելու, բաղանիք, գործի։ Բաղանիք, ասենք, առավոտվա վաղ ժամերին միայն կանայք են գնում նաիրյան այդ փոքրիկ քաղաքում, քաղաքում կա միայն երկու բաղանիք, երկուսն էլ ասիական, թեկուզ մեկի անունն է «ճերմակ», որովհետև նրա պատերը սպիտակացրած են կիրով, — իսկ մյուսը, որ մեչիտի նման ձմերուկաձև գմբեթ ունի, կոչվում է «Ֆանտազիա բաղանիք — առանձին համարներով»։ Ընդամենը երկու համար ունի այդ եվրոպականացրած բաղանիքը, բայց դրությունը դրանից, իհարկե, չի փոխվում, համարներում գնում են լողանալու քաղաքացիներից միմիայն՝—առաջին քաղաքամասի պրիստավը, նրա կինը, աղջիկները, էլի մի քանի պաշտոնյա ռուսներ և մեկ էլ հայտնի մանուֆակտուրիստ Հաջի Օնիկ աղա Մանուկոֆը, նա էլ, լինելով հմուտ անգլիագետ, համարները գերադասում է ընդհանուր լողարանից։ — «Ինչ կընես ըրե — մարդ չի տեսնար՞ — ասում է նա այդ առթիվ, թեկուզ մեզ արդեն ծանոթ ղահվեճի Սեթոն նրա մասին էլ, ինչպես և վարսավիր Վասիլի մասին, ունի առանձին կարծիք։ «Հաճի Օնիկ աղան չի ուզեր հարևանները տեսնեն, որ ինքը դեղին սապոնով կլողնա» — ասում է նա։

Առավոտվա այդ վաղ պահերին բաղանիք են գնում, ինչպես ասացինք, բացառապես կանայք, որովհետև քաղաքում գտնվող երկու