առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին, — հայտնում է նրանց, որ «Կամոքն Աստծո և Օգոստափառ Կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել... այսինքն գերմանական ստոր կայսր Վիլհելմ 2-րդը պատերազմ է հայտնել Ռուսաստանին։ Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, — ասել է գավառապետը Ալյոշա Նիկիտիչին և Մազութի Համոյին, — և հասկացրել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունը — դեպքի խոշորագույն նշանակությունը»։
Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն։ Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից և, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից։ «Պարոնա՛յք, հարկավոր է սկսել — ասաց Համո Համբարձումովիչը ակումբի դռանը կանգնելով։ «Ի՞նչը» — հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է... պատերազմ սկսել։ — «Ա՛յ, հիմա կտեսնես» — պատասխանեց Համո Համբարձումովիչը խորհրդավոր և կրկին մտավ ակումբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա ետևից։ Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց ետևից դուրս եկավ ակումբի ծառայողը և դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան։ Կայսեր նկարը բռնեցին Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա. ժողովուրդը հավաքվեց։ «Պարոնա՜յք» — բացականչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն. բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն...
Հայտնեց, հայտնեց՝ թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած` թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքևում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը։ Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին. շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ 2-րդին Մազութի Համոն։ Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը» — գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը։ Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ։ Չմոռացավ հայտնել նաև Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարևոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր-կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել