Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբոխը՝ Գեներալ Ալոշի ղեկավարությամբ։ Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ։ Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին։ Նա—նիհար, բարձրահասակ.— բարակ ձեռնափայտ է կարծես՝ ծայրին սոխի գլուխ։ Մի֊երկու վայրկյան նայում է վերևից, պատշգամբից, ներքևում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը։ Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երևի, և ապա— չոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել։ Պատերազմ։ Կայսր։ Վիլհելմ II։ Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գահին։ Կեցցե՛։ Կորչի՛։ Ուռռա՜։

Նորից արձագանքում է ամբոխը, նորից նվագում է երաժշտախումբը «Բոժե ցարյա»։ Եվ ահա—նորից դուրս է գալիս... Մազութի Համոն։ Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից, փթթում է նաիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ։ Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, նաիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն։ Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում։ Ամեն տեղ նա՛ էր, ամեն դժվարին դեպքում նա՛ պիտի, միայն նա՛, սայլը ցեխից հաներ։ Այդպես էլ այժմ։ Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչև վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն Գահի և Հայրենյաց։ Գիտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել։ Օձի լեզու ուներ Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն։

Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը և ապա առաջարկեց ցրվել տները և զբաղվել առօրյա գործերով։ Գեներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը և բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի։ Ժողովուրդը ցրվեց, գնացին՝ ո՛րը տուն, ճաշի, ո՛րը Եգոռ Արզումանովի, կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու։

Այսպիսի՛ ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց նաիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալրջությամբ, և այդ հանգամանքով քաղաքը պարտական էր կրկինն նրան, իր արժանի զավակին— Համո Համբարձումովիչ Ասատուրովին—Մազութի Համոյին