թուղթ, դոմինո, կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին և, մինչև թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ։ «է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի»— հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին։ «էլի հացը պըտի թանգընա»—պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն և ներս մտավ սրճարանը գլուխն օրորելով։ «Հեչ չեմ հասկընա, թե յանի ընչի՞ է էս զուռնա-նադարեն»— ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետև դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին։ «էլի հացը պըտի թանգընա, էդ զուռնեն է կփչեն»— կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու։—«Ըբը ի՞նչ պըտի էղնի»— պատասխանեց նրան Քոռ Արութը,— և նաիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորեցին։ Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը և ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նաիրցիներ, ինչպիսի՛ք են Գեներալ Ալոշը և Մազութի Համոն,— իրենք ևս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով։ Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը,— և պ. Աբոմարշը գտավ, որ դա միանգամայն անհրաժեշտ է, անհրաժեշտ ու ցանկալի։ «Աշես մինչև քանի՞ տարեկանը պըտի կանչեն»— հարցրեց Կաթոլիկ Դանիելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին»— խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը, և երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին, լուռ քայլում էին՝ աչքերը սեփական կոշիկներին հառած։ Կիրակի, շոգ օր էր. արևը փայլում էր ոսկեգույն, երկինքը, պարզ, անամպ՝ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե։ Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետևում էին նրան, և ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը։ Տաս-տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբ— քայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից և, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալիս՝ «Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ»։ Թափորը, վերջապես, մոտեցավ գավառապետի բնակարանին։ Երաժշտախումբը նվագեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ։ «Ուռռա՜» բացականչեց
Էջ:Երկիր Նաիրի.djvu/61
Արտաքին տեսք