պատճառով, տևել էր մինչև գիշերվա տասնմեկը...): Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե, պ. Մարուքեն թքե՛լ էլ չէր ուզի նրանց ճաշի վրա. պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը. գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադե՛րը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար և չէր կարողացել վճարել, որովհետև չէր ունեցել մոտը։ Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «նիսիա» խաղալ, բայց ավելի ևս դեմ էր դրան Արամ Անտոնիչը. բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուն— երկու հարյուր ռուբլի։ «Յորղանիդ չափը գիտենա՞ս»— ասել էր, բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի։ «Ներողություն, վաղը կվճարեմ» պատասխանել էր պ. Մարուքեն քաղաքավարի և շտապ դուրս էր եկել ակումբից՝ ետևից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը և Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի մեյմունի ստրկական արձագանքը... Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն և սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին։ Գունաթափ եկել էր տուն և երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչև առավոտ մնացել էր այդպես։ Բորբոքված ուղեղում մինչև առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին— թվեր, թվեր, թվեր, գույնզգույն թղթադրամներ, խաղաթղթեր։ Գլուխը ցավում էր հոգնությունից, ուղեղը մշուշի էր նման, ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը, և, տարբեր ձևերով ու կարգով, շարժվում էին ուղեղի միջով— թվեր, թվեր, թվեր, գույնզգույն թղթադրամներ, խաղաթղթեր։ Պ. Մարուքեն ոչ մի մեղք չունի, պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի, կգտնի, այսօրևեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները և կշպրտի այդ չտեսի դեմքին։ Եվ այժմ էլ, դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի։ Դեմքը դեղնել էր, ձգվել, աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին— ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր, աչքերը տեսնում էին— գույնզգույն թղթադրամներ։
Էջ:Երկիր Նաիրի.djvu/64
Արտաքին տեսք