Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարսավիր Վասիլը — ի՜նչ շունն էր, որ չիմանար... իհարկե, գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել, նույնիսկ պ. Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց. գիտեր, որ «վատ» է — ի՞նչ հարցներ։ Մոտեցրել էր շրթունքները, որքան որ կարող էր, պ. Մարուքեի դեմքին, սահում էր — թավ, թեթև քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար։ Լուռ էր, տոթ ու հանգիստ, լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունը — ու դու, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին։ Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նման — գույնզգույն թղթադրամներ...

Դուռը բացվեց և ներս ընկավ — մանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփում — Հաջի Մանուկոֆ էֆենդին։ « — Հը՛, բարի լո՜ւյս, էֆենդի աղաներս, բարաջողում» — ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին. «Գործդ աղեկ է, Վասի՛լ, վով չգա-չգա-պ. Մարուքեն հոս է ու հոս...»։

«Համեցե՛ք նստի, էս է, կվերջացնեմ» — շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը. — «Քեֆերդ տեղը կերևա, փա՜ռք Ալլահին»։ —«Ինչո՞ւ չերևա, աղա՛ս»,— բացականչեց Հաջին բարկացած․ «Տղա մըն ալ ավելցավ Հայաստանին, աս անգամ մանչ է, յա՜...»։ Հերո՛ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկը — Նունուֆար հանըմը — տղա էր բերել։

Հաջի Մանուկոֆ էֆենդու այդ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պ– Մարուքեի ուղեղում, բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ:

— «Դե՛ շուտ» — խռպոտ շտապեցրեց պ. Մարուքեն ձախ ուսը ցնցելով. — «ուշանում եմ»:

Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն: «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա» — վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆենդուն պ. Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը, ձեռք սեղմել չգիտեր: Պ. Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը և ... չգիտեր, ո՞նց սկսեր: Բարեբախտաբար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից:

— «Ժամանակ ունես նե — քալե ղահվե մը խմենք» — ասաց Մանուկոֆ էֆենդին և մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից: —