Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի։ Կպատմե, ծաղրելով, կպատմե երևի իր բոլոր ծանոթներին Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»։ Կպատմե — պ. Մարուքեի մթնած ուղեղում երերացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի։ Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանին — հիշեց երեկվա եռուզեռը պ. Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն։ Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը. երևաց նրան — ուրիշ, երևաց անծանոթ։ Ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն... Ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր` պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ. Մարուքեի բորբոքված ուղեղը։ «Պատերազմ» — ասաց երեկվա ձայնով, պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն։ Եվ պ. Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից, պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարքն արդեն, — որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում և ժամանակներում և ուրիշ մի բան. — այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու, — եթե միայն կարելի է այսպես ասել — դարավոր հիմերը... Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը, — գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն կատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը... Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին, դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղում — գույնզգույն թղթադրամներ։ Բայց, իմեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեց։ «Եռունդա՛» — դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից, քարե մի ծանրություն սրտից ընկավ։ Արագացրեց քայլերը պ. Մարուքեն, պ. Մարուքեն գնաց տուն՝ քնելու։
Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեական տեսողական կարողության վրա պ. Մարուքեն, բայց հետագայում իր այդ համարյա