Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն.— պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետևանք էր ոչ թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը, այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվել— քաղաքական հեռատեսության...

Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ-որ անհայտ տեղերում, մի, երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը։ Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէ—վաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կը կանչե անօրենին»։ Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին, որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ կհայտարարվի նաև «ոսոխին» և այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի... Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նաիրիի համար,— խորհրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին։ Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում և ի՛նչ հորիզոններ պիտի բացվեին Նաիրիի առաջ այդ խորհրդավոր փոփոխություններից. չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը։ Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նաիրցուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո՛, արդեն իսկ բացվել էին որոշ հորիզոններ... Նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի-երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17-ի։ Ավելացրել էր գինը—Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով և, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին։ Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարևան՝ Կաթոլիկ Սիմոնի խանութում։ Եվ ուրիշ խանութներում