Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն էլ ուրիշ մի բան — ամենքից «մի կուղեկ, հաշիվը — հարյուր՝ մանեթը կա: Այդ դեռ մանր-մունրը: Սրա հետ համեմատած — թալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանը, — Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը և ուրիշ մեծ մաղադաներինը՝ փոդրաթչիներինը: — «Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՞նչ զահրումար» — ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը. սկզբում նա կարծեց, որ իր գործը ևս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց, մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ո՛չ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի, «սոխերին», ինչպես նա էր ասում, «կադյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»... Դե՛, ե՞րբ էին այդ տրեխավոր «բոիները» մարդավարի ապրել:Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրույթից ձանձրացած՝ թիթեղե սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքը — գնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ. Արութի հետ դոմինո խաղալու: Վերջինս ճիշտ որ կույր էր, բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն, այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ Բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս: Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետև իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել վարում էր մշտական խաղակցի պաշտոն: Մեկմեկ էլ կայարան էր գնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած, տխրած, որ ինքը ո՛չ մի շահ, ո՛չ մի հասույթ չունի գնացող-եկողներից, և ուրախացած, որ ինքը չկա և, երևի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում: Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռը: — Բոլորը աշխատում էին, բոլորը շահում — բացի իրենից միայն և մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել և իր այդ միակ սրտակցից — մի հանգամանք, որ խոր տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա և մտցրեց նրա կյանքում ևս որոշ փոփոխություններ...

Մի անգամ, իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի