Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու վրա էր օգնող ձեռքը. որի որդին, եղբայրը, որը հենց ինքը՛ Գնացել, տարել էին արդեն — Կաթոլիկի որդուն, նրա հարևան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»-երի որդիներին, եղբորը, իրան: Հերթի էին հենց իրենք — պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը, ո՞րը թվես: Արդեն ամեն առավոտ երևում էին պատերի վրա — պատերի վրա փակցնում էին՝ արդեն ինչ-որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամանները — սրան, երկրորդին, հարյուրին, կանչում էին դեպի հինգհարկանի շենքը: Գալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանը — պատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ, շրջանի գյուղերից գալիս հավաքվում էին հինգհարկանի Շինության առաջ: Գնում էին այդտեղից — կայարան, խմբերով, գնում էին կայարան: Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը, կանգնում էր կայարանից բավականին հեռու՝ դեպոյի մոտերքը: Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը. թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում: Սուլում էր շոգեմեքենան, սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի: Տրեխավոր մարդիկ գոռում էին անիմաստ. տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն. —

«Տա՜ — նը՜ը՜ը՜ — մե՛ն — ադե՛ ջան — տա՜ա՜ — նը՜ը՜ը՜ — մե՜-ե՜ե ե՜ն...»:

Իսկ մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիժեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի նաիրյան այդ քաղաքը: Ու լցվում էր քաղաքը զինվորներով, լցվում էր քաղաքը օր օրի վրա, վայրկյան վայրկյանի ետևից: Ուրախ էին– Եգոռ Համբարձումովը, Բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանից — մեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նաիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանը չէին մտածում, որ մինչև ինը տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն: 0, ո՛չ, իհարկե, ոչ: Առավոտվա ծեգից մինչև երեկոյան մութը լի՛քն էր, լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները ռուս զինվորներին և գյուղացի նորահավաքներին: Եվ ի՞նչ, վատ չէ՛ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կոպեկի հալվա,