պարզում է֊ Թիֆլիս, Թեոդոսիսա, Էնգելի. պարզում է– Երուսաղեմ... Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նաիրցի։ Նյու–3որք, ժնև, Կալկաթա, Պերու, Րիո-ժանեյրո, Աննամ.— ի՛նչ, ի՛նչ քաղաք, կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյա թելիկները Ուղեղասարդի։ Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից-քաղաք, երկրից-երկիր. իսկ ինքը չի երևում, անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք, հրաշք է, չես հասկանում, սարսափելի գաղտնիք.— զարմանալի զարմանք... Ահա՛ թե ինչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես, ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «Գերկենտրոն», սիրելի ընթերցող։ Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի, վախեցա չհավատաս։ Բայց ի՞նչ կասես փաստերին, աչքի առաջ են փաստերը, փաստերը պերճախոս։ Բանն այն է, սիրելի ընթերցող, որ այդ Ուղեդասարդը ո՛ր վայրկյանին ուզենա՝ կարող է քաշել դեպի ինքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թելը ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թելիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը... Ահա՜ թե ինչ։ Երևակայո՞ւմ եք՝ այնտեղ, իր անհայտ տեղում, սենյակում իր նստած՝ սարդային այդ ուղեղը, կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը,— և ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնւսուղեղասարդը ուզե... Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար և մեկերորդ թելիկը— և ահա ժնևում, Եվրոպի մեջտեղում, նաիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն, ահեղամռունչ, գահակործան կոչեր... Բայց դա՛ էլ դեռ ոչինչ, դեռ ամենաաներևակայելին կա, ամենահրաշանմանը։ Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդ, քրոջդ կամ մորդ հետ նստած քեղ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը, ճանկի ամենածայրը Կենտրոնաուղեղասարդը աներևույթ իր տեղից— և ահա, երևակայո՞ւմ ես,— այնտեղ, Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթև թռավ՝ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նաիրյան, այսինքն «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք— պայթեց, օդը ցնդեց Բանկը Օտտոման... Եվ ի՞նչն էր, ի՞նչն
Էջ:Երկիր Նաիրի.djvu/74
Արտաքին տեսք