Իրիկուն էր արդեն· արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում։ Նվագում էր զինվորական երաժշտախումբը· նվագում էր «Բոժե ցարյա»։ Հասկացավ պ. Մարուքեն, որ «սկսվել է պարը»։ Հիշեց այն մյուս կիրակին, կանգնեց, կանգնեց նորից պ. Մարուքեի ուղեղում—կանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն։ Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ. Մարուքեն— և, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ. Մարուքեի ուղեղից— կանգնեց· դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էր— Մազութի Համոն։ Ներքևում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, Գեներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը և Կինտաուրի Սիմոնը— կոշկակարը։ Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»։ Դեռ չէր ուշքի եկել պ. Մարուքեն, երբ մեկը ետևից հրեց նրա կողին և ականջին բղավեց. «Գլխարկդ հանեք, տո՛, չե՞ս հասկընա»։ Նայեց— Աբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք։ Դեմքին— պատկառանք էր խորհրդավոր, ակնոցը թեքվել էր մի կողմ, գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի։ Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ. Մարուքեն. բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները և այս անգամ պ. Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին։ «Հայրենակիցնե՛ր»—սկսեց երևի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն, և տիրեց լռություն՝ լսողություն տիրեց։ «Մոտ է, մոտենում է օրը»—շարունակեց ապա Մազութի Համոն,— «երբ, ելած մոխիրից, դարերի քնից— հառնե՜ պիտի, ազատ, երկիրը հազարամյա— ազատ Նաիրին»։ Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն. բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց և աչքերը վառվեցին, նա, ինչպես երևում էր, վերջացնում էր ճառը.— «Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր, ես չեմ կասկածում»,— վերջացրեց խոսքը Մազութի Համոն,— «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո էրզրում կմտնեն»։ Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոն— և նորից թնդաց երաժշտությունը՝ հասարակությունը ոռնաց։ Ոգևորության հենց այս ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներևակայելի, անթույլատրելի մի բան,— երևակայո՞ւմ եք՝ պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը», որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, Գեներալ Ալոշը,— այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն
Էջ:Երկիր Նաիրի.djvu/80
Արտաքին տեսք