Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր խոսքը վերջացրեց— «Իդիո՛տ»— բացականչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին, տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում։— «Բա՛ցց»— իջավ, չոր, հնչուն՝ շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին։ Պ. Աբոմարշը շտապեց ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին։ Պ. Մարուքեն, երեսնիվայր, ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ։ «Հարբած է»— հայտնեց Սերգե Կասպարիչը, դեպքի տեղը հասնելով։ «Հարբած է»— հաստատեց ընկ. Վառոդյանը.— «պետք է ոստիկանատուն ուղարկել, որ ուշքի բերեն»։ Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կես ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որևէ առիթի, պ. Մարուքեն։

Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն։

Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնում— պ. Մարուքեն հարբած էր եղել։ Նույնն էր հաստատում և Բոչկս Նիկոլայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ․ Մարուքեն իրա, Բոչկա Նիկոլայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մե բոթիլ սմիրնովկա»— դառնահամ օղի։ Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկոլայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին,— որքան, այո՛, վերևում հիշած «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետև... Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ և առաջ հարկավոր է ասել, թե ի՛նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայել—և այն էլ այնպիսի մի նուրբ և անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին։ Այդ «աղբյուրը», դե, մի մարդ Էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նաիրցի, որը վերջին օրերս Էր միայն երևացել նաիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում Էին տեղացիք նրա մանկությունից, ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին Էր դա—Կարո Դարայանը, որին յոթ-ութ տարեկան հասակից Մոսկվա, Լազարյան ճեմարանն Էր ուղարկել Արամ Անտոնիչը. սրա խնամքին Էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակիդ Կարո Դարայանը: