ուր կրթվում, հասունանում և թև է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա նաիրյան— օ, ես հավատում եմ դրան,— պայծառ ապագան դարբնելու գործը,— հարգելի ժողովականնե՛ր, ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, և այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպետք է ունենան պ. Դրաստամատյանի նման հարբեցող ավարաները...»։ Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն,— և նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը և հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը և տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ. Մարուքեի և ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքի— երկու օր անց։
Բժիշկ Սերգե Կասպարիչը այլևս նստում էր զորակոչային ատյանում։ Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները, «տասը», «հիսուն», «հարյուրի» տեղ կանաչ սեղանների շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ», «հավասար» բացականչությունները, որոնք փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ։ Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին և, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, Գեներալ Ալոշին: Արամ Անտոնիչին և մյուսներին, ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետև նա թեկուզև չէր դադարել ակումբ հաճախել, բայց երևում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, և այն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո. ո՞վ ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին, աննշան տեղ։ Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքում— և այդ շշուկները ինչ-որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ։ «Անդրանի՛կ»,