«Դրո», «Քեռի»,— խոսում էին արդեն տներում ու փողոցներում։ Եվ այդ անունները կապվում էին, ինչ-որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին, ինչ-որ անհայտ կողմերից երկարվում էին, ասես, աներևույթ թելեր և փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նաև ընկ. Վառոդյանին, այո, նախ և առաջ ընկ. Վառոդյանին և ապա բժշկին և Օսեփ Նարիմանովին։ Չգիտենք՝ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ Հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտան— ուրիշ, նաիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքևում, սպիտակի վրա սևով, ստորագրված էր՝ տպված էր նաիրատառ՝ Համազասպ Աստվածատրյան.— դա հենց ինքն էր՝ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ Ասատուրովը— Մազութի Համոն...
Այդ հայտարարությունները կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նրանցում— կիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը—«Հասարակական ժողովի»։ Գրված էր, նույնպես ասված էր նրանցում, որ— «Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը»—(կարդա՝ Մազութի Համոն) ապա՝ «Բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարևոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ՝ Համազասպ Աստվածատրյան» — ահա այդ հայտարարությունների բովանդակությունը:
Կարդաց, կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, և նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց, կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին։ Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը և զվարթ բացականչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեզի, տո Կլուբի մեյմուն, բանե խաբա՞ր էս հեչ...»։ Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը և ելավ ոտքի։ «Ո՞ւրա, ո՞ւրտեղ է»— թեկուզ խոցված վարսավիրի կոպիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, այ, ինքը ևս առնչություն ունի այնպիսի անձնավորությանց հետ, ինչպիսին է Համո Համբարձումովիչը– Մազութի Համոն։ «Ու՞րա»,— շողոքորթ ժպտալով հարցրեց Կինտաուրի