ուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երևի, կանգնած սպասում Է իրեն Մազութի Համոն։—«Ա՛յ»—պատասխանեց, մեջքը թեքելով և կռնակը դեպի Կլուբի մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց... իր այն տեղը, որի վրա ծննդյան օրից նստում Էր նա։ Հասկացավ Կլուբի մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ Է առել» իրեն վարսավիր Վասիլը.— «Թյու, մարդ, նամուսիդ»— թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի ետևից, բայց նա, խռպոտ հռհռալով, ցատկել Էր արդեն դուրս։ Վարսավիր Վասիլը արդեն չկար։
Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային ևս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված Էր թեև «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից» ծանուցումը, սակայն նրանց ներքևում ևս տպված Էր նորից նրա, անխուսափելիորեն նրա— Մազութի Համոյի ստորագրությունը։ Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում Էր ի լուր հանրության,— որ— «Ապրանքատեղափոխության պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը վաճառվելու Է փութը մի ռուբլի հինգ կոպեկով»— այսինքն նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով։ Չնայած Համազասպ Աստվածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը և անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը։ Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել,— և այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն,— որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետևանք Է իրա— Մազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն, որով այնքան հարուստ Էր Մազութի Համոն և որի շնորհիվ նա քանիցս արժանացել Էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին։ Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» ևս պիտի նախապայման ունենար, եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան։ Սիրելի ընթերցող, քո աչքից թող չխուսափե