նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։
Տները, ինչպես ասացի, նաիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով,— բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից, կամ երկնքից ընկած քարե մի հրաշք — կանգնած կա, երևակայո՞ւմ եք… հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն։ Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն, կամ, եթե խոսակիցներ է ունենում — նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ — եվրոպացիք… Ա՛յ»— Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ-փոքրիկ քառակուսի պատուհաններին։ «—Դեռ մենք շատ ենք հետամնաց»— ասում է նա։ Այսպես է մտածում պ. Մարուքեն — և նա, իհարկե, ունի իրավունք. պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերմունքով, երկու–երեք ամսով եղել է Բեռլինում.— գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն։ Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը — և չի կարող տանել ոչ մի հնություն։ Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում— և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան։
Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը։ Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե — առանց այդ հրաշալիքների նաիրյան այդ քաղաքը՝ եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ — հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում։ Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել— թեկուզ հենց Բերդը, կամ, ասենք,— Վարդանի կամուրջը,