կամ վերջապես — Առաքելոց եկեղեցին… Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,— ո՞րը թվեմ։— Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք։
Սկսենք Բերդից։
Քաղաքի արևմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բլուրի վրա— խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ — բազմել է Բերդը։ Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին։ Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։— Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես — և հետո, մեկը մյուսի ետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։ Ասում են, որ այդ բերդը շինելիս նաիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն — ահա, թե ինչու է այդ բերդը անխորտակելի։ Անառիկ է այդ բերդը — ամենքն այդ գիտեն,— և դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին։ Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա — և այդպիսի հիմարներից է, թող թույլ տրվի ասեմ, պ. Մարուքեն։ Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին», ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքն առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ։ Այնտեղից, այո — բերդի անխորտակելի պատերի վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի։ Այնտեղից — բերդի ժայռակերտ պատնեշների վրայից — իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի։— Որպես երկաթե մի բռունցք— իջնի պիտի մի օր թշնամու գլխին։— Ահա՛ թե ինչ է այդ բերդը— իհարկե, հասկացողի համար։ Եվ ահա՛ թե ինչու— վարը, քաղաքում հանգիստ են տները՝ նիրհել են անհոգ ու անտարբեր։ Իսկ խանութների առաջ նստել է նաիրցի խանութպանը և ծույլ, անփույթ հորանջելով՝ սպասում է գնորդի։ Եվ ի՜նչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական և ժամանակավոր հանգամանքը, որ հիմա, 1913 թվին, բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ո՛չ նաիրյան, արծվազարդ մի դրոշ։ Բերդը շինել են նաիրցիները, բայց դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե մեզնից, բերդի և քաղաքի իսկական տերերից— և թե ամեն մի թշնամուց։ Օրը կգա— և նրանք կգնան։ Եվ նորից, բերդի անառիկ