հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի...
Տասներկուսից տասնհինգ րոպե անց այդ ժողովը բացվեց։
«Ըհը՛ ըհը՛»,— երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. և ասաց բացման խոսքը՝ կարճ և ազդու։ «Տիկիններ և պարոններ»,— սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերևս, կարելի էր «տիկին» անվանել, և այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նաիրյան ժողովներում։ Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար և, մասնավորապես, նաիրյան ժողովրդի համար։ Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարևորության մասին և համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները։ «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին»— ասաց ընկ. Վառոդյանը և նստեց։ Եվ մինչև կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչև կխմեր ջուրը— դահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին և կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին։ Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, և Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն, վերջապես, սկսեց...
Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը։ Բայց ձևականը, այսինքն նրա շարժումների, ձայնի, առոգանության և այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետև, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից,— ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,— և թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ։
«Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի