Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարք աշակերտներին (մեծ մասը Գևորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը՝ շարվել էին պատերի երկայնքին և բռնել էին մուտքը՝ չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով, մնացել էին դատարկ նստարաններ։

Տասներկուսից տաս անց Մազութի Համոն անհանգստացավ, նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին. «Հարկավոր է սկսել»—ասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն։ Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեց— և ահա, երբ կրկին վերադարձավ և հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսեն— դրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ, վերջին մտնողը պ. Մարուքեն էր՝ ետևից Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին, ապա դուռը փակվեց, և վարագույրը բարձրացավ...

Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան, բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի առաջ (ուրիշ սեղան երևի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ,— երևակայո՞ւմ եք— ընկ. Վառոդյանը... Վա՛տ, վա՛տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, նաիրյան այդ ժողովից— ասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը և արդեն ակնբախ էին դարձել, նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետևանքները... Բայց ա՛յն, այն ժամանակ. ո՞նց հասկանար այդ «վատ հոտը»— չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք, հենց մանրավաճառ Կոլոպոտյանը, որ իսկի չէր էլ եկել ժողովի, կամ նաիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին և եթե լսեր էլ—քիչ բան պիտի հասկանար։ Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նաիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում, և նրա անհայտ հեռուներից սարսափահար՝ լալիս էր պառավանման և երգում էր, պառավաձայն, վայրենի իր «Տանըմը»—փակ, անդուռ վշտի